Ավետիս Զենյան
Ավետիս Զենյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 25, 1935 |
Ծննդավայր | Բեյրութ, Լիբանան |
Մահացել է | փետրվարի 17, 2021 (85 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Մասնագիտություն | լուսանկարիչ և կինոօպերատոր |
Ավետիս Նազարի Զենյան (դեկտեմբերի 25, 1935, Բեյրութ, Լիբանան - փետրվարի 17, 2021, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուսական կինոյի օպերատոր, լուսանկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավետիս Զենյանը ծնվել է 1935 թվականին, Բեյրութում, Հայոց ցեղասպանությունից փրկված բնիկ այնթապցիների ընտանիքում։ Հայրը՝ Նազար Զենյանը հետագայում զբաղվել ճարտարապետությամբ, անդամագրվել է կոմունիստական կուսակցությանը։ Ավետիսը եղել է երեք եղբայրներից կրտսերը, Հալեպում սովորել է ֆրանսիական դպրոցում և երգել եկեղեցում[1]։ 1946 թվականին մոր և եղբայրների հետ հայրենադարձվել է Խորհրդային Հայաստան, որտեղ ապրել են Տավուշի Այգեհովիտ գյուղում։
Ավետիսը Հայաստանում զբաղվել է առևտրով և լուսանկարչությամբ։ Բեյրութից հայրենադարձված մի լուսանկարիչ, որն Ավետիսից քսան տարով մեծ է եղել, շատ բան է սովորեցրել նրան։ Նրա խորհրդով Ավետիսը մեկնել է Մոսկվա և 1954 թվականին ընդունվել Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի օպերատորական բաժինը, ուսանել է Լյուդմիլա Գուրչենկոյի, Վասիլի Շուկշինի ընկերական շրջապատում։ Իր դիպլոմային աշխատանքը ցանկացել է նկարահանել սցենարիստ Արման Մանարյանի հետ՝ հայ հայրենադարձների մասին։ Նրանք Գառնիում նկարահանել են մի դրվագ Մարտիրոս Սարյանի և Իլյա Էրենբուրգի մասնակցությամբ։
Զենյանը մասնակցել է Երվանդ Մանարյանի դիպլոմային աշխատանքի՝ «Տժվժիկի» կարճամետրաժ ֆիլմի նկարահանմանը, սակայն նրա անունը ենթագրերում բացակայում է։
Հետագայում մեկնել Մոսկվա, որտեղ Մարկ Հովսեփյանի հետ նկարահանել է տեսարաններ Մոսկվայից, այն Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի դիպլոմային աշխատանքների մրցույթում արժանացել է առաջին մրցանակի, ինչից հետո Զենյանին աշխատանքի են հրավիրել «Մոսֆիլմ» կինոստուդիա։ Որպես բեմադրող օպերատոր մասնակցել է Սերգեյ Բոնդարչուկի «Պատերազմ և խաղաղություն» ֆիլմի նկարանահանման աշխատանքներին[2]։ Նա եղել է միակ օպերատորը, որն աշխատել է ֆիլմի բոլոր չորս մասերի վրա։
Որպես օպերատոր Զենյանն աշխատել է Ալեքսանդր Միտտայի «Վառվիր, վառվիր, աստղ իմ», «Սա Հաղթանակի օրն է», «Խոպան», «Հեղափոխությամբ ծնվածը», «Ընկեր Սիբիր» ու այլ ֆիլմերում։ Եղել է օպերատոր Դավլաթնազար Խուդոնազարովի խորհրդականը «Ասք Ռոստամի մասին» ֆիլմում։ 1986 թվականին ուղղաթիռից նկարահանել Չեռնոբիլը աղետից անմիջապես հետո, աշխատել խորհրդային դասական կինոնկարների («Ուրախ տղաներ», «Չապաև», «Ալեքսանդր Նևսկի», «Իվան Ահեղ») վերականգնման վրա։
Մահացել է 2021 թվականի փետրվարին, Մոսկվա քաղաքում[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «"Я богатый человек" - по материалам интервью с Аветисом ЗЕНЯНОМ». m.aniv.ru. Արխիվացված է օրիգինալից 2021-02-17-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 20-ին.
- ↑ «Մահացել է Բոնդարչուկի «Պատերազմ եւ խաղաղություն» ֆիլմի օպերատոր Ավետիս Զենյանը». news.am. Վերցված է 2021 թ․ մարտի 20-ին.
- ↑ «На 86-году жизни умер Аветис Зенян - один из операторов легендарного фильма «Война и Мир» Сергея Бондарчука». www.sarinfo.org. Վերցված է 2021 թ․ մարտի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԱՎԵՏԻՍ ԶԵՆՅԱՆ Արխիվացված 2021-03-16 Wayback Machine